Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայի նախագահ Էրդողանին Հայց ցեղասպանութեան ճանաչմանն առնչութեամբ հարցերը կարծես արդէն հունից հանում են։
Անկարայի օդանաւակայանում, Ղազախստան մեկնելուց առաջ Էրդողանը խօսել է 1915 թ. դէպքերի վերաբերեալ Եւրոպական խորհրդարանում այսօր սպասուող քննարկման մասին:
«Ինչ որոշում էլ կայացնեն՝ մի ականջով կը մտնի, միւսով դուրս կը գայ»,- լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը:
Ինչպէս արդէն յայտնել ենք, Էրդողանը` իր իսկ խոստովանութեամբ՝ շատ ծանր է տարել նաեւ 1915 թ. դէպքերի վերաբերեալ Ֆրանցիսկոս պապի արած դիտարկումները:
«Ես կրկնում եմ պատմաբանների համատեղ յանձնաժողով ստեղծելու մեր կոչը եւ շեշտում, որ պատրաստ ենք ամբողջութեամբ բացել մեր արխիւները»,- ասել է նա:
Նախագահի պալատում «Թուրքիայի արտահանողների միութեան» անդամների հետ հանդիպմանն Էրդողանը պնդել է, թէ 2014 թուականին Պապի՝ Անկարա կատարած այցի ժամանակ բոլորովին ուրիշ քաղաքական գործչի է տեսել, ու ընդգծել,- «Ասում եմ՝ քաղաքական եւ ոչ թէ կրօնական գործչի»:
Թուրքիայի նախագահը նաեւ խոստացել է թոյլ չտալ, որ «պատմական փաստերը դուրս գան իրենց սեփական հունից» եւ, ինչպէս ինքն է ասել՝ օգտագործուեն իր երկրի դէմ արշաւում:
«Երբ քաղաքական, կրօնական գործիչներն ստանձնում են պատմաբանի պարտականութիւն, արդիւնքը զառացանքն է եւ ոչ թէ փաստերը: Ես դատապարտում եմ Պապին եւ ցանկանում եմ նրան զգուշացնել, որ չկրկնի այս սխալը»,- ասել է Էրդողանը: